National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
19.09.2007
Իտալացի պատգամավորներն Ազգային ժողովում

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին` նախագահ Ումբերտո Ռանիերիի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին երկու երկրների դեսպանները` Հայաստանում Իտալիայի դեսպան Մասիմո Լավեցո Կասինելին եւ Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանը:

Ողջունելով հյուրերին` Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը կարեւորեց Եվրախորհրդի  եւ Եվրամիության անդամ երկրների խորհրդարանականների հետ կապերի զարգացումը: Արձանագրելով, որ կարճ ժամանակ է` ինչ Հայաստանը եվրոպական ընտանիք է վերադարձել, խորհրդարանի նախագահը հավաստեց, որ այդ ընթացքում արվել են տպավորիչ քայլեր ու դեռեւս շատ անելքներ էլ կան: Եվրախորհրդին անդամակցության 6 տարիներին Հայաստանում զգալիորեն բարելավվել է օրենսդրությունը` սկսած Սահմանադրությունից, ԵԽԽՎ բանաձեւերն էլ հաստատում են Հայաստանի առաջընթացը` ստանձնած պարտավորությունների կատարման առումով: Այդ հաջողությունները ձեռք են բերվել շնորհիվ շփումների ու համագործակցության: Նշելով, որ եվրոպական ինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է` պարոն Թորոսյանը հավաստեց, որ բազմակողմ միջազգային հարաբերությունների տեսակետից այս ուղղությունն այլընտրանք չունի: Արձանագրելով, որ գլոբալացման ներկա մակարդակում ինտեգրումն անխուսափելի գործընթաց է, Աժ նախագահը կարեւորեց, թե որ միջավայրում է ինտեգրումը կատարվում: Նրա գնահատմամբ` քաղաքակրթական ընդհանրությունը իրական ինտեգրման հիմք կարող է դառնալ: Եվ ինտեգրումը հատկապես կարեւոր է երկրի ներքին կյանքի կառուցման, արժեքային համակարգերի ճշգրտման համար, ապա միայն` կառույցներին անդամակցության տեսակետից:    

Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ երկու երկրները հին ու խոր կապերով են միմյանց կապված կյանքի բոլոր ոլորտները ներառելով, եւ Իտալիան դարերով եղել է նաեւ հայ հոգեւոր կյանքի կենտրոններից մեկը (Վենետիկի Մխիթարյան միաբանությունը): Իտալիայի խորհրդարանի հետ հարաբերությունների զարգացումը հատկապես կարեւորելով` Աժ նախագահը նշեց, որ Պատգամավորների պալատի պատվիրակության այցը գերադասելի էր ավելի ուշ լիներ, երբ կազմավորված կլիներ հայ-իտալական պատգամավորական բարեկամության խումբը եւ հնարավոր կլիներ համագործակցության ծրագիր քննարկել, բայց այդ ամենը կարվի հետագայում: Պարոն Թորոսյանը վստահություն հայտնեց, որ պատվիրակության այցը հայ-իտալական միջխորհրդարանական հարաբերությունների առումով կարեւոր քայլ է լինելու: Աժ նախագահը իր ողջույնները եւ բարեմաղթանքները փոխանցեց Իտալիայի խորհրդարանի նախագահին:

Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ումբերտո Ռանիերին Հայաստան այցը կարեւոր համարեց փոխտեղեկացվածությունը խորացնելու եւ համագործակցությունը ընդլայնելու տեսակետից: Նշելով, որ Իտալիայի խորհրդարանում տարեվերջյան երեք ամիսները նվիրվում են բյուջեի քննարկմանը, նա եկող տարի վերադառնալու ու հարաբերությունների զարգացմանը նպաստելու պատրաստակամություն հայտնեց: Պարոն Ռանիերին ԱԺ  նախագահին պաշտոնական այցով հրավիրեց Իտալիա` հույս հայտնելով, որ այցի ծրագրում կընդգրկվեն եւ Վենետիկը, եւ Նեապոլը, որտեղ եւս հայ հոգեւոր կենտրոն կա: Պարոն Ռանիերիի հավաստմամբ` Իտալիայում ջերմ սիրով են վերաբերվում Հայաստանին ու հայերին եւ բարձր են գնահատում Հայաստանի իշխանությունների ջանքերը` երկիրը ժողովրդավարության ճանապարհով առաջ տանելու ուղղությամբ: Նշվեց, որ Իտալիայի խորհրդարանը դրական է գնահատում ու աջակցում է եվրաինտեգրման Հայաստանի քայլերը: 2007 թ. Բուլղարիայի եւ Ռումինիայի անդամակցումով` Եվրամիության սահմանները հասան Սեւ ծովին եւ Հարավային Կովկասի պետությունները ընդգրկվեցին Եվրամիության նոր հարեւանության ծրագրում` պարոն Ռանիերին բարձր գնահատեց Հայաստանի իշխանությունների կոնկրետ քայլերը այդ ծրագրի իրականացման ուղղությամբ: Նրա գնահատմամբ` եվրաինտեգրման համատեքստում հնարավոր է անդրադառնալ տարածաշրջանային հակամարտություններին, որ տարիներ շարունակ խանգարում են երկրների զարգացմանը: Նա Իտալիայի աջակցության պատրաստակամությունը հայտնեց այդ խնդիրների լուծմանը: Նշելով, որ Եվրամիությունը ավելի մեծ պատասխանատվություն պետք է վերցնի իր վրա` նա հաստատեց, որ ընդլայնված Եվրոպայի համատեքստում Թուրքիայի հետ հարաբերությունների խնդրում Հայաստանը կարող է լուծումներ գտնել:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը բարձր գնահատելով պարոն Ռանիերիի դիտարկումները` համաձայնեց, որ Լեռնային Ղարաբաղի եւ Թուրքիայի հետ կապած խնդիրները պետք է դիտարկել եվրաինտեգրման շրջանակներում: Եվրոինտեգրումը ենթադրում է կոնկրետ արժեքներ` մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության, եւ եվրոպական ընտանիքի անդամ երկրները իրենց հարաբերությունները պետք է կարգավորեն այդ շրջանակներում: Ինչքան Եվրախորհրդր անդամ երկրները հարազատ մնան այդ արժեքներին, այնքան հեշտ լուծումներ կգտնեն միմյանց հետ ունեցած հարցերում:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը հիշեցրեց, որ Հայաստանի անկախության 16 տարիներին Թուրքիան միակողմանի փակ է պահում սահմանը: Այս տարիներին Հայաստանի իշխանությունները քանիցս հավաստել են, որ պատրաստ են առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման, բայց նախապայմաններ դնում է թուրքական կողմը. ընդորում` դրանցից մեկն էլ կապված է երրորդ երկրի` Ադրբեջանի հետ: Որեւէ հիմնավորում չկա, որ Եվրախորհրդի անդամ մեկ երկիրը շրջափակի մեկ այլ երկրի: Այս խնդիրը երբեմն արծարծվում է Եվրախորհրդարանում` Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցի քննարկումների ժամանակ: Նշելով, որ կարելի է հասկանալ Թուրքիայի քաղաքական, գուցե նաեւ տնտեսակա ն նշանակությունը Եվրամիության համար, Աժ նախագահը նշեց, որ եվրոպական համայնքի վերածնունդը ոչ թե շահերի, այլ արժեքների հիման վրա կայացավ եւ չի կարելի արժեքները շրջանցել հանուն շահերի, որոնք վաղանցուկ են:

Համաձայնելով պարոն Ռանիերիի Եվրամիության պատասխանատավության մեծացման անհրաժեշտության տեսակետին` Աժ նախագահը նշեց, որ դա պետք է լինի ժողովրդավարական արժեքային համակարգին նվիրվածության տեսակետից:

Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչությամբ պարոն Թորոսյանը հիշեցրեց, որ Հայաստանը երբեք չի փոխել իր դիրքորոշումը եւ միշտ հանդես է եկել միջազգային իրավունքի շրջանակներում հարցի խաղաղ կարգավորման օգտին: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումը պարզ եւ հստակ է` մարդիկ ուզում են ազատ ապրել ժողովրդավարական արժեքների հիմքով` դրանք եվրոպական արժեքներ են եւ շատ ավելի մեծ արժեքներ են, քան որոշ երկրների ժամանակավոր շահերն ու բնական պաշարների չափերը: Թե ինչ ճակատագիր էր սպասում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին` հիանալի ցույց է տալիս Նախիջեւանի օրինակը` մի տարածք, որ գտնվում է Հայաստանի ու Թուրքիայի միջեւ եւ պատկանում է Ադրբեջանին: Ժամանակին հայաբնակ այդ տարածքում այսօր ոչ մի հայ չկա: Լեռնային Ղարաբաղն իր անկախության համար անթերի հիմքեր ունի միջազգային իրավունք տեսակետից. իր անկախությունը հռչակել է ԽՍՀՄ օրենքներին համապատասխան եւ այն ժամանակ տեղի ունեցած հանրաքվեին մասնակցել են նաեւ ադրբեջանցիները, որ դեռ ապրում էին Ղարաբաղում: Աժ նախագահը իտալացի պատգամավորներին խորհուրդ տվեց լինել Ղարաբաղում` տեղում խնդիրը ավելի լավ պատկերացնելու եւ ժողովրդի ցանկությունը հասկանալու համար: Պարոն Թորոսյանն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարություններին` պատերազմով հակամարտության լուծման մասին` նշելով, որ հազիվ թե Ադրբեջանի նախագահը հավատում է, որ կպատերազմի ու կհաղթի, պարզապես պատերազմի կոչերը ընտրություններից ընտրություն կեղծ հայրենասիրության դրսեւորման հնարավորություն են, նաեւ` ռազմական բյուջեի մեծացման արդարացում, քանի որ ռազմական ծախսերը փակ են, նվազ վերահսկելի  եւ շատ ավելի հեշտ է այլ ուղղությամբ ծախսել:

Հանդիպման ընթաց քում անդրադարձներ եղան նաեւ այլ հարցերի:

  Սեպտեմբերի 19-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը եւս ընդունեց Իտալիայի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը` հանձնաժողովի նախագահ Ումբերտո Ռանիերիի գլխավորությամբ:

Պարոն Ռանիերին նշեց, որ այցի նպատակն է ընդլայնել  փոխգործակցությունը երկու երկրների միջեւ, ինչպես նաեւ  խորացնել  համագործակցությունը խորհրդարանների եւ հանձաժողովների մակարդակով: Նա իր  հայ գործընկերներին պատասխան այցով հրավիրեց  Իտալիա: Իտալիայի խորհրդարանը հետաքրքրությամբ հետեւում է Հայաստանի  եվրաինտեգրման գործընթացին, եւ  նրա դիտարկմամբ` Հայաստանում  լայնածավալ բարեփոխումներ են իրականացվում, առաջընթացը զգալի ու  նկատելի է: Նա նշեց, որ  ԵՄ սահմանների ընդլայնումից ` Բուլղարիայի եւ Ռումինիայի ԵՄ անդամակցությունից հետո Հարավկովկասյան պետությունները աշխարհագրորեն ամենամոտն են  ԵՄ սահմաններին  եւ  նոր հարեւանության ծրագիրը ապացույցն է ԵՄ համար Կովկասի ռազմավարական նշանակության: Այս  համատեքստում պարոն Ռանիերին հույս հայտնեց, որ ղարաբաղյան հակամարտությունը իր դրական լուծումը  կգտնի,  ինչպես  նաեւ կբարելավվեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունները: Հանձնաժողովի նախագահը առաջարկեց  Իտալիայի խորհրդարանի  աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության խորացման գործընթացներին ուղղված  ծրագրերին:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը բարձր գնահատեց նմանատիպ հանդիպումների կարեւորությունը, եւ անհրաժեշտ համարեց երկու խորհրդարանների համագործակցությունը հանձնաժողովների մակարդակով: Նշվեց, որ անհրաժեշտություն  է առաջացել համագործակցության նոր դաշտ ստեղծել` խորացնելով համագործակցությունը ԵՄ անդամ պետությունների հետ երկկողմ շփումների միջոցով:  Չորս տարի լինելով Հայաստան-ԵՄ համագործակցության հանձնաժողովի համանախագահ` պարոն Ռուստամյանը նշեց, որ  քննարկումների խորությունը էապես պայմանավորված է նրանով, թե որքանով են տարբեր երկրների պատգամավորները տեղյակ Հայաստանում եւ տարածաշրջանում տիրող իրավիճակից: Նրա համոզմամբ` եվրաինտեգրման ճանապարհը, որն ընտրել է Հայաստանը, կենսական նշանակություն ունի մեր երկրի համար,  եւ այս հարցում ամբողջական կոնսենսուս կա հասարակության մեջ:  Եվրաինտեգրման մեջ է տեսնում  Հայաստանը իր ազգային, պետական խնդիրների լուծումը` ժամանակակից, եվրոպական չափանիշներին համապատասխան,  ժողովրդավարական պետություն ունենալու առումով: Պարոն Ռուստամյանը պատմական համարեց 2004 թ.   ԵՄ որոշումը նոր հարեւանության ծրագրի վերաբերյալ, որով Հարավկովկասյան տարածաշրջանը ընդգրկվեց ԵՄ քաղաքականության հետաքրքրությունների շրջանակում:  Երեք տարիների ընթացքում մատնանշվել են   հիմնական  ուղենիշները, զարգացման ուղղությունները, ընդունվել են հիմնարար փաստաթղթերը, որոնք հնարավորություն են տալու այդ  քաղաքականության մեջ Հայաստանի ամբողջական ինտեգրմանը: Այս համատեքստում անդրադառնալով տարածաշրջանի զարգացման խնդիրներին, պարոն Ռուստամյանը կարեւորեց հակամարտությունների լուծման հարցը: Նրա համոզմամբ` առկա երեք հիմնական հակամարտությունները պետք է տարբերակել եւ հնարավոր չէ գտնել մեկ բանալի դրանց լուծման համար: Պարոն Ռուստամյանը նշեց, որ հակամարտությունների քաղաքական լուծումը չպետք է նախապայման դիտվի համագործակցության ընդլայնման համար` վստահություն հայտնելով, որ հնարավություն կա հակամարտության քաղաքական լուծումը եւ համագործակցության ծրագրերը իրականացնել զուգահեռաբար: Հայաստանը օժանդակում է այն բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են տարա ծաշրջանում համագործակցության դաշտ եւ մթնոլորտ ապահովելուն: 

  Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, տարածաշրջանային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեւոլուկա Օռլանդոն անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին նշեց, որ եթե Թուրքիան եւ Ադրբեջանը ուզում են դառնալ ԵՄ անդամ, չեն կարող փակ սահմաններ ունենանալ եւ որեւէ կերպ անհանգստացնել հարեւաններին: Նրա համոզմամբ Եվրոպան այս հարցերում  մեծ անելիքներ ունի եւ պետք է ստանձնի քաղաքական երկխոսության նախաձեռնողի դերը:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am